Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

2017 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ «Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն» գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

2017 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ «Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն» գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը (ՀՀ. Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կ. Դեմիրճյան 3-րդ նրբ., 14 տուն):

Կենտրոնը ֆինանսավորվել է Եվրոմիության ու Ավստրիայի զարգացման գործակալության կողմից, իրականացվել է Հիլֆսվերկ Ավստրիա Ինթերնեշնլի հետ հայկական «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի և «Բիոսոֆիա», «Ֆերտի», «Երրորդ բնություն» ՀԿ-ների համագործակցությամբ:

Կանաչ Տեխնոլոգիաների Հայկական Կենտրոն-ը (ԿՏՀԿ) նոր կազմավորված Հիմնադրամ է վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտում, որը կենտրոնացրել է Հայաստանում, հատկապես Շիրակի մարզում՝ հիմնադիրների կողմից «կանաչ» ծրագրերի իրականացման երկարամյա փորձը: Կենտրոնը միտված է դառնալ նորարարությունների սպասարկող հարթակ և ծառայությունների մատակարարման կետ Շիրակի մարզի և դրանից դուրս բոլոր այն անձանց, կազմակերպությունների, գործարարների և հանրային հաստատությունների համար, որոնք հետաքրքրված են «Կանաչ էներգիայով»:

Կենտրոնը հիմնադրվել է «Կանաչ էներգիա հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոմիության ու Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Շիրակի մարզում գյուղական համայնքների և բնակչության սոցիալ-տնտեսական դժվարությունների մեղմում՝ հիմնված վերականգնվող «կանաչ» էներգիայի և էնորգախնայողության չափանիշների վրա:

Բացման արարողությունը տեղի ունեցավ Կենտրոնի Գյումրու հիմնական գրասենյակում, ինչը էներգաարդյունավետության վերջին ստանդարտներով վերակառուցման և վերանորոգման փաստացի օրինակ է: Կենտրոնը գործում է ինքնուրույն՝ մեծամասամբ ֆոտովոլտաիկ, արևային և այլ «խելացի» սարքերի միջոցով՝ չվճարելով էներգիայի, ջեռուցման և լուսավորության դիմաց:

Բացման արարողության ընթացքում այցելուները ծանոթացան ոչ միայն Կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին, այլ նաև հնարավորություն ունեցան առաջին ձեռքից տարատեսակ տեղեկատվություն ստանալ «կանաչ» տեխնոլոգիաների մասին (օրինակ՝ «սառը պահեստ – տաք տուն», «արևային չորանոց», «կաթի արևային մանրէազերծիչ», «արևային լուսադիոդային լամպեր»), որոնք աշխատանքային ցուցանմուշների ձևով տեղադրված են Կենտրոնում և մասամբ Կենտրոնի աշխատակիցների կողմից ներկայացվել են Շիրակի մարզի տարբեր համայնքներին: Բացման արարողությանը մասնակցեցին կենտրոնական, մարզային և տեղական իշխանությունների, դոնորների, միջազգային ֆինանսական կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ և ԶԼՄ-ներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *ով