Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

ՆԱԽԱՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Այն երկրի ամենաաղքատ տարածաշրջանն է` գործազրկության ամենաբարձր մակարդակով: Բնակչության զգալի հատվածը կազմում են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց հիմնական կարիքների ապահովումը` մատչելի կենտրոնացված ջեռուցումը, տաք և/կամ մշտական խմելու ջրի մատակարարումը, հանդիսանում են առօրյա գերխնդիրներ: Նույնիսկ հանրային շենքերը, ինչպիսիք դպրոցներն ու մանկապարտեզներն են, հաճախ ապահովված չեն մշտական ջեռուցմամբ և տաք ջրամատակարարմամբ, ունեն սանիտարական և առողջապահական խնդիրներ: «Կանաչ էներգիայի» վերաբերյալ իրազեկության մակարդակը ցածր է: Ցածր է նաև տեղական իշխանությունների, ՔՀԿ-ների և ընդհանրապես քաղաքացիների գիտելիքների մակարդակը`նրա վերաբերյալ, թե ինչպես «Կանաչ էներգիայի» կիրառությունը կարող է օգնել լուծելու առկա սոցիալ-տնտեսական խնդիրները:

ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի նպատակն է վերականգնվող էներգիայի հիման վրա ստեղծել կայուն զարգացման հասանելի և գործնական պայմաններ, դրանով իսկ ուղղակիորեն նպաստելով Շիրակի մարզում աղքատության նվազեցմանը: Ծրագրի կողմից կներդրվեն վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաներ (օրինակ, կենսագազի ստացման, արևային էներգիայով ոռոգման և ջրի թորման համակարգեր)` հանրային և մասնավոր օգտագործման համար, ինչպես նաև եկամտի աղբյուր հանդիսացող «կանաչ» օբյեկտներ (օրինակ` արևային օդատաքացուցիչով կամ ջրատաքացուցիչով ջեռուցվող ջերմոց): Բացի այդ, տեղական իշխանություններին և այլ շահագրգիռ կողմերին կտրամադրվի տեղեկատվություն՝ ցածր ածխածնային տեխնոլոգիաների վերաբերյալ, այն նպատակով, որպեսզի գործառնական և քաղաքականության մակարդակով իրականացվի փորձի ներդրումը:

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի պատմությունը

«Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է 2015թ. մայիս ամսին և պետական գրանցում ստացել 2016թ. մարտի 11-ին: Հիմնադիրներն են՝ Գևորգ Ռոբերտի Պետրոսյանը, Արսեն Տալվորիկի Կարապետյանը և Խաչիկ Ռաֆիկի Սահակյանը: Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի նորաստեղծ, բայց բավականին փորձառու աշխատակազմ ունեցող կազմակերպություններից է, որը զգալի ներդրում ունի երկրում կանաչ տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության և բնապահպանական գաղափարների ու տեղեկատվության տարածման, հետազոտման, կրթության ու մասնագետների վերապատրաստման, կանաչ տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում:

Հիմնադրամը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի քաղաքում, Կ.Դեմիրճյան փողոց, 3-րդ նրբանցք, 14 տուն հասցեում, փոստային կոդ 3115: Հիմնադրամի բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն իրականացնում է հիմնադրամի ռազմավարական կառավարումը՝ հենվելով ընդունված տեսլականի, սկզբունքների և արժեքային համակարգի վրա, նախանշված նպատակներին հասնելու համար:

Հայաստանն այն երկրներից է, որը չունի ածխածնային էներգակիրներ (նավթ, գազ), սակայն շնորհիվ իր բնակլիմայական պայմանների, հարուստ է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով (հատկապես արևային էներգիայով): Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը իր գործունեությունը ծավալել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` առավել ակտիվ գործելով Շիրակի և հարակից մարզերում: Պատճառն այն է, որ Հայաստանի մարզերից արևային էներգիայի ինտենսիվությամբ հատկապես առանձնանում են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերը:

Հիմնադրամն իրականացնում է օրենքով չարգելված և իր կանոնադրությամբ սահմանված ցանկացած տնտեսական գործունեություն: Այն զբաղվում է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն ստացված եկամուտները պետք է ուղղվեն «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամի նպատակների իրականացմանը:

Հայտնի է որ, Հայաստանում մշակվել է Էներգախնայողության ազգային ծրագիր, և շրջանառության մեջ է դրված ՎԷԱ ոլորտի համար բարենպաստ դաշտի ձևավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն: Սակայն այսօր գործող օրենսդրական կարգավորիչ դաշտը, ինչպես նաև՝ ներդրումային միջավայրը, այնքան էլ նպաստավոր չեն ՎԷԱ և ԷԱ ոլորտի առաջընթաց զարգացման համար: Միաժամանակ Երկիր մոլորակի առջև ծառացած կարևորագույն գլոբալ բնապահպանական մարտահրավերների (Հայաստանը այդ մարտահրավերների կիզակետում է) լուծման կարևորագույն ուղղություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Այս համատեքստում՝ ընդունելով «բնապահպանական մարտահրավերը», «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը կարճ ժամանակահատվածում իրականացրեց և ներկայումս էլ իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ներդրմանն ու տարածմանը, այլև՝ տարածաշրջանի բնապահպանական և սոցիալական խնդիրների մեղմմանը և նորարարական գաղափարների ու տեղեկատվության տարածմանը, կրթության ու մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև ոլորտում հետազոտական աշխատանքների խթանմանը: