Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

ԱՐԵՎԱՅԻՆ ջրամատակարարման համակարգի տեղադրում Անիի տարածաշրջանի Գուսանագյուղ համայնքի խորքային հորին հարակից տարածքում

Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Գուսանագյուղի համայնքապետարանի (նվիրառու), Գուսանագյուղ համայնքի ֆերմերային խմբի (օգտագործող) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 29․01․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 3,3 միլիոն դրամ։ Գուսանագյուղ համայնքի կողմից իրականացվել է տարածքի նախապատրաստում, ցանկապատում, 1 500 մրգատու ծառերի տնկում և խնամք։
Նպատակը՝ օժանդակել Գուսանագյուղ համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Համայնքային պտղատու այգու հիմնում և խորքային հորից արտամղվող ջրով (արևային ֆոտովոլտային կայանով կահավորված) ոռոգման համակարգի տեղադրում:
Համակարգի տեխնիկական նկարագիրը՝ խորքային պոմպի միջոցով (անվանական հզորությունը 0,75 կՎտ) ջուրը, 50 լ/րոպե արտադրողականությամբ (ժամում 3 խորանարդ մետր, կամ օրական 15-20 տոննա) արտամղվում է նորատունկ այգու ոռոգման համար: Խորքային պոմպի աշխատանքի համար էներգիայի աղբյուր է ծառայում արևային ֆոտովոլտային կայանը (8 մարտկոցների համակարգ, անվանական հզորությունը 2 կՎտ):

 

Գուսանագյուղ համայնքում տեղակայված համակարգի սկզբունքային գծապատկերը


(1) խորքային պոմպ
(2) ջրապաշտպանված հաղորդալար
(3) կցորդիչներ
(4) խողովակաշար
(5) հորի պաշտպանիչ կափարիչ
(6) արևային մարտկոցների համակարգ
(7) արևային մարտկոցների համակարգի հենարան
(11) ինվերտորային բլոկ
(12) միկրոկարգավորիչ
(16) լիցքավորման կարգավորիչ
(17)թթվային ակումլյատորային մարտկոցներ/ կուտակիչներ
(19) կուտակիչ բաք

Տնտեսական օգուտներ՝ հիմնված այգին զբաղեցնում է մոտ 2 հա տարածք, որի շահագործումը իրականացվում է 4 աշխատակիցների միջոցով: Արևային ֆոտովոլտային կայանը տարեկան արտադրում է մոտ 3 000 կՎտժ էլեկտրական էներգիա (140 000 դրամ): Ակնկալվում է, որ այգու հիմնման չորրորդ տարուց սկսած, ընդհանուր դրամային եկամուտները (բերքի իրացման հաշվին) յուրաքանչյուր տարի կկազմեն մոտ 4-5 միլիոն դրամ և յուրաքանչյուր հաջորդ տարի, մինչև 10-րդ տարին կաճեն տարեկան մոտ 1 մլն դրամով:
Բնապահպանական օգուտներ՝ տարեկան ջերմոցային գազերի (տ CO2) կրճատում 1,3 տ-ով (այգու ծառերի կողմից ածխածնի երկօքսիդի կլանումը կգնահատվի լրացուցիչ):
Սոցիալական օգուտներ՝

  • Այգուց ստացված եկամուտները նպատակաուղղվում են համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը,
  • Այգում աշխատում են և վարձատրվում են գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները,
  • Ոչ ոռոգման սեզոնին արտադրված էլեկտրական էներգիան օգտագործվում է համայնքի արտաքին լուսավորման համար:

Ներբեռնել