Կանաչ էներգիա՝ կայուն ապագա

Ախուրյան համայնքի մանկապարտեզում ԱՐԵՎԱՅԻՆ ֆոտովոլտային էլեկտրակայանի տեղադրում, նախամուտքի ԵՎ ներքին լուսավորության համակարգի էներգաարդյունավետության բարձրացում

Նախագիծն իրականացված է «Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ-ի (նվիրատու), Ախուրյան համայնքի (նվիրառու) և Շիրակի մարզպետարանի (դիտորդ) միջև 02․05․2016թ․ կնքված պայմանագրի հիման վրա։ Ներդրումը՝ 5,34 միլիոն դրամ։ Ախուրյան համայնքի համաֆինանսավորումը՝ 1,15 միլիոն դրամ։

Ախուրյան համայնքում տեղակայված համակարգի լուսանկարներ

   

Նպատակը՝ օժանդակել Ախուրյան համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Համայնքի մանկապարտեզի համար պահանջվող էլեկտրական էներգիայի մասնակի ապահովում, ֆոտովոլտային կայանի (1,5 կՎտ hզորությամբ) տեղադրում, մանկապարտեզում շիկացման լամպերի փոխարինում լուսադիոդային էներգաարդյունավետ լամպերով, մանկապարտեզի նախամուտքի 2 (երկու) դռների ու 12 (տասներկու) պատուհանների տեղադրում։

Ախուրյան համայնքում տեղակայված համակարգի սկզբունքային գծապատկերները

Համակարգի տեխնիկական նկարագիրը՝ օգտագործվում են 6 հատ 250 Վտ հզորությամբ ֆոտովոլտային պանելներ: Պանելները տեղադրվել են մանկապարտեզի առկա տանիքին, հորիզոնի նկատմամբ 300 անկյան տակ, հարավային ուղղությամբ: Արևային էներգիան ֆոտովոլտային պանելների միջոցով կերպափոխվում է հաստատուն էլեկտրական էներգիայի, որը հիբրիդային ինվերտորի միջոցով կերպափոխվում է փոփոխական 220 Վ, 50 Հց էլեկտրական հոսանքի և օգտագործվում է մանկապարտեզի կարիքների կամ մարտկոցների լիցքավորման համար: Մարտկոցներում կուտակված էներգիան օգտագործվում է ոչ արևային ժամանակահատվածում։ Սեփական արտադրության, անվճար էլեկտրաէներգիայի սպառման դեպքում ավտոմատ կերպով օգտագործվում է էլեկտրական բաշխման ցանցի էլեկտրաէներգիան։
Տնտեսական օգուտ՝ արևային ֆոտովոլտային կայանը ամսական միջին հաշվով արտադրում է 150-200 կՎտժ էլեկտրական էներգիա (տարեկան մոտ 2 250 կՎտժ կամ շուրջ 105 000 դրամ): Այս մոդելը ունի տարածվելու մեծ ներուժ՝ ինչպես սեփական էներգիայի արտադրության, այնպես էլ լուսադիոդային լամպերի օգտագործման հաշվին:
Բնապահպանական օգուտներ՝ տարեկան արտանետվող ջերմոցային գազերի (տ CO2) կրճատում 1,0 տ-ով: (Զուտ ֆոտովոլտային կայանի հաշվին, 40 հատ 60 Վտ հզորության շիկացման լամպերը՝ 7 Վտ լուսադիոդային լամպերով փոխարինման արդյունքում, էլեկտրական բաշխման ցանցից էլեկտրասպառման դեպքում էներգախնայողությունը պետք է հավելել)։
Սոցիալական օգուտներ՝

  • ՎԷՌ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նվազեցված ծախսերի հաշվին մանկապարտեզը ամսական ունի տնտեսում, որի հաշվին 4 երեխա, սոցիալապես անապահով ընտանիքներից անվճար հաճախում են մանկապարտեզ:
  • Մանկապարտեզի խմբասենյակների լուսավորման հարմարավետության աստիճանի բարձրացում։

Ստորև ներկայացված են «Կանաչ էներգիան հանուն «կանաչ» սոցիալ-տնտեսական զարգացման. Հայաստանի Շիրակի մարզում վերականգնվող էներգիայի բազմագործառույթ համակարգերի և «կանաչ» եկամտի աղբյուրների խթանում՝ մեղմելու գյուղական բնակչության և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական դժվարությունները» ծրագրում ներգրավված կազմակերպությունների կողմից նախկինում իրականացված ՎԷՌ և ԷԱ տեխնոլոգիաների որոշ կիրառումներ:

Ներբեռնել